Նախագծի մասինԼուրերԵրթևեկության կանոններՖորումՕգտակար տեղեկություններ

 

 

Ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականություները· 14.03.07

ՊԱՏ ճանապարհապարեկային ծառայության տեսուչն իրավունք ունի

Կանգնեցնել տրանսպորտային միջոցները, եթե`

  • վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները,
  • երթևեկության բնույթը կասկած է հարուցում մեքենան վարելու վարորդի ունակությունների մասին,
  • տրանսպորտի մեխանիկական վիճակը , նրա արտաքին տեսքը կամ բեռի դասավորությունը չեն համապատասխանում սահմանված պահանջներին:
  • վարորդի կամ ուղևորի տեսքը կամ տրանսպորտային միջոցի արտաքին տեսքը և վարելը վկայում են ճանապարհատրանսպորտային պատահարին կամ հանցագործության կատարմանը նրանց մասնակցության մասին,
  • անհրաժեշտություն է առաջացել ստուգել ուղեգիրը, վարորդական փաստաթղթերը, գրանցման տվյալները` առևանգված և գողացված տրանսպորտային միջոցների տվյալների հետ, ինչպես նաև այլ իրավախախտումների վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար,
  • հարկավոր է վարորդներին տեղեկացնել ճանապարհային երթևեկության առանձնահատկությունների և պայմանների մասին:

Ստուգել`

  • վարորդական իրավունքի վկայականները,
  • տրանսպորտային միջոցների գրանցման փաստաթղթերը,
  • ավտոտրանսպորտով փոխադրվող նյութական և այլ արժեքների փաստաթղթերը:

Օգտագործել`

  • “սթափության հսկման” խողովակ և այլ տեխնիկական միջոցներ` վարորդների կողմից ալկոհոլաային խմիչքների օգտագործման փաստը հաստատելու համար:
  • արբածության հատկանիշների առկայության դեպքում վարորդը հեռացվում է վարելուց, ենթարկվում է բժշկական հետազոտման, ձևակերպվում են համապատասխան փաստաթղթեր, նրա վարորդական իրավունքի վկայականը վերցվում է, իսկ անհրաժեշտության դեպքում, վարած տրանսպորտային միջոցը բերման է ենթարկվում ՊԱՏ կամ համապատասխան բաժին, որի մասին կազմվում է ի պահ հանձնելու ակտ:
  • արգելել տրանսպորտային միջոցների շահագործումը`հանելով պետհամարանիշները, այն դեպքերում, երբ անսարք է արգելակման համակարգը, ղեկավարման համակարգը կամ կցորդման սարքավորումը: Պետհամարանիշները չեն հանվում այն տրանսպորտային միջոցներից, որոնք հաշվառման մեջ են գտնվում այլ քաղաքներում կամ շրջաններում (բացառությամբ քաղաքի շրջանների), ինչպես նաև այն դեպքերում, երբ անսարքությունը վարորդի կողմից վերացվել է տեղում:
  • արգելել (կոնկրետ պայմաններում) տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը` մինչև եղած թերության կամ առաջացած իրավիճակի ամբողջովին վերացումը: Այս դեպքերն են`
    1. անսարք են լոսավորման սարքավորումները օրվա մութ ժամերին,
    2. չի համապատասխանում անվադողերից թեկուզ և մեկի գծանախշերի մաշվածությունը ստանդարտներին` սայթաքուն ճանապարհներով երթևեկելիս,
    3. անբավարար է դիմացի ապակու տաքացման արդյունավետությունը` շրջակա օդի ցածր ջերմաստիճանի առկայության դեպքում,
    4. չի աշխատում վարորդի կողմի ապակեմաքրիչը կամ ապակեվողողիչը` ճանապարհի թաց կամ կեղտոտ երթևեկելի մասի առկայության դեպքերում:

Բերման ենթարկել վարորդներին շարային ստորաբաժանման հերթապահ մաս կամ ոստիկանության բաժին հետևյալ հանգամանքների դեպքում`

  • եթե տրանսպորտային միջոցը վարում է առանց համապատասխան գրանցման փաստաթղթերի կամ բացակայում են փոխադրվող բեռի վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև այն դեպքում, երբ վարորդը չունի վարորդական վկայական կամ այդ փաստաթղթերի օրիանական լինելը կասկած է հարուցում,
  • հնարավորություն չկա տեղում ձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ փաստաթղթերը,
  • երբ վարորդը կասկածվում է ճանապարհատրանսպորտային պատահարի կամ հանցագործության կատարման մեջ,
  • ստուգման ժամանակ հայտնաբերվել են շարժիչի, թափքի, շասսիի անհամապատասխանություն գրանցման փաստաթղթերի գրառումների հետ:

Հետապնդել տրանսպորտային միջոցը, երբ`

  • տրանսպորտային միջոցում գտնվող անձինք կատարել են հանցագործություն և դիմել են փախուստի կատարման վայրից,
  • ինչպես նաև այն վարորդներին, որոնք իրենց գործողությունների հետևանքով վտանգի են ենթարկում երթևեկության այլ մասնակիցների կյանքը կամ չարամիտ չեն կատարում ոստիկանության աշխատակցի “կանգնել” պահանջը: Հետապնդման ժամանակ անհրաժեշտ է անընդհատ միացված պահել ձայնային և լուսային ազդանշանները:
  • օգտվել (անհետաձգելի անհրաժեշտության դեպքում) կազմակերպություններին, հիմնարկներին, հաստատություններին կամ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոներից,(բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնք պատկանում են դիվանագիտական ներկայացուցչություններին, արտասահմանյան պետություններին, միջազգային կազմակերպություններին)` պատահարի, բնական աղետների վայր մեկնելու, անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին բժշկական հաստատություն անհապաղ տեղափոխելու, ինչպես նաև հասարակական կարգը չարամիտ խախտողներին և հանցագործներին ոստիկանություն բերման ենթարկելու համար:
  • այն դեպքերում, երբ խախտումը ձևակերպելու ժամանակ երթևեկության մասնակիցը հրաժարվում է կատարել տեսուչի օրինական պահանջները, ապա նա տեսուչի կողմից բերվում է մոտակա Ներիքին Գործերի բաժնի հերթապահ մաս կամ ՊԱՏ-ի ստորաբաժանում` խախտմանը համապատասխան լուծում տալու նպատակով, որտեղ էլ ձևակերպվում են բերման ենթարկման և կատարած իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները:

ՊԱՏ ճանապարհապարեկային ծառայության տեսուչը պարտավոր է.

  • Կարգախումբ ստանձնող տեսուչը պետք է ունենա տարբերիչ կրծքանշան:
  • Քաղաքացուն ներկայանալիս ՊԱՏ-ի աշխատակիցը պարտավոր է բարևել նրան, այնուհետև հստակ և պարզ ներկայանալ, հայտնելով իր կոչումը, պաշտոնը և ազգանունը: Այնուհետև, փաստաթղթերի ստուգումից հետո, հստակ և պարզ բացատրել ներկայանալու պատճառը և նպատակը:
  • Տեսուչը տրանսպորտային միջոցը կանգնեցնում է ձեռքի կամ ժեզլի (ձողիկի) օգնությամբ, սուլիչի հստակ սուլոցով: Տեսուչի գործողությունները պետք է լինեն հասկանալի, իսկ տրվող ազդանշանը` ժամանակին:

Վարորդի իրավունքները

  • Արձանագրությունը կազմելու ժամանակ իրավախախտին բացատրվում է իր իրավունքներն ու պարտականությունները, որի մասին նշում է կատարվում արձանագրությունում: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը: Վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում:
  • Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց հրաժարվելու իր շարժառիթները: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ:
  • Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութոշերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանչի ծառայությունից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, ինչպես նաև գանգատարկելու գործով որոշումը:

Վարորդը պետք է իմանա

  • Բոլոր դեպքերում, երբ հայտնաբերվում են տրանսպորտային միջոցի տեխնիկական թերություններ, որոնց դեպքում դրանց շահագործումը երթևեկության կանոնների համաձայն արգելված է, կազմվում է վարչական արձանագրություն, իսկ պետհամարանիշները հանելու դեպքում, բացի դրանից, կազմվում է ակտ տրանսպորտային միջոցի զննման մասին:
  • Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթաքում, իսկ շարունակվող իրավախախտումների դեպքում` այն բացահայտելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
  • Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պաշտոնատար անձը պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, ենթակա է նա վարչական պատասխանատվության, կան պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, պատճառվել է գույքային վնաս, հիմքեր կան վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը հասարակական կազմակերպության կամ աշխատանքային կոլեկտիվի քննությանը հանձնելու հիմքեր, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
  • Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը:
  • Վարչական որոշումը հայտարարվում է անհապաղ`գործի քննության ավարտվելուն պես: Որոշման պատճեն հանձնվում է իրավախախտողին` ստորագրությամբ, իսկ տուժողին` նրա դիմելու դեպքում: Միաժամանակ հայտնում է որոշման բողոքարկման կարգի և ժամկետների մասին:
  • Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա չէ կատարման, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից 3 ամսվա ընթացքում:
  • Տուգանքի վճարման անդորրագիրը ներկայացնելուն պես վարորդական իրավունքի վկայականը վերադարձվում է վարորդին, իսկ ժամանակավոր կտրոնը և ներկայացված անդորրագիրը կցվում են արձանագրությանը: Վարորդի խնդրանքի դեպքում անդորրագիրը վերադարձվում է նրան:
  • Այն անձանց, ովքեր զրկվել են տրանսպորտային միջոցները վարելու իրավունքից հարբած վիճակում վարելու համար, վարորդական իրավունքը վերադրաձվում է զրկման ժամկետը լրանալուց հետո, Ճանապարհային Երթևեկության Կանոնների գիտելիքները և վարելու հմտությունները ստուգելուց հետո:
  • Տեսուչի առաջին իսկ պահանջով պետք է ներկայացնել վարորդական իրավունքը, տրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Աղբյուրներ.

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք
  2. Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոններ
  3. ՀՀ ՆՆ ՊԱՏ ՃՊԾ հրահանգ

Սկիզբ | Նախագծի մասին | Լուրեր | Երթևեկության կանոններ | Ֆորում | Օգտակար տեղեկություններ | Կոնտակտներ

Համացանցի մատչելիության և ուսուցման ծրագիրը ( ՀՄՈՒԾ ) ԱՄՆ Պետական դեպարտամենտի` Կրթության և մշակույթի հարցերով գործակալության ծրագիրն է և ֆինանսավորվում է Ազատության աջակցության ակտի շրջանակներում: ՀՄՈՒԾ-ը իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փախանակումների խորհրդի (Այռեքս) կողմից: