Նախագծի մասինԼուրերԵրթևեկության կանոններՖորումՕգտակար տեղեկություններ

 

 

Հետիոտների պարտականությունները· 16.04.07

  • Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաև առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով երթևեկողները կարող են շարժվել երթևեկելի մասի եզրով,, եթե նրանց երթևեկությունը խոչընդոտում է մայթերով և արահետներով շարժվող այլ հետիոտներին։
  • Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաև նրանցով երթևեկելու անհնարինության դեպքում, հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթևեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին` երթևեկելի մասի արտաքին եզրով)։
  • Բնակավայրերից դուրս, հետիոտները, երթևեկելի մասով շարժվելիս, պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ վարող անձիք՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց։
  • Երթևեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում ոչ ավելի, քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց։ Շարասյան ձախ կողմում, աոջևից և հետևից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում` առջևից սպիտակ, և հետևից կարմիր գույնի միացված լապտերիկներով։
  • Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին և չափահասների ուղեկցությամբ։
  • Հետիոտները պետք է երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում խաչմերուկներում մայթերի կամ կողնակների ուղղությամբ։
  • Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցումն ու խաչմերուկը, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում։
  • Այն տեղերում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով։
  • Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթևեկելի մաս՝ միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և համոզվելով, որ անցումն անվտանգ է իրենց համար։
  • Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետևից կարող են դուրս գալ միայն համոզված լինելով, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան։
  • Դուրս գալով երթևեկելի մաս`հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է։ Հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա։ Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթևեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո։
  • Կապույտ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթևեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին ՝ անհապաղ ազատելով երթևեկելի մասը։
  • Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ և տաքսի թույլատրվում է սպասել միայն երթևեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մայթերին կամ կողնակներին։ Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթևեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո։ Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթևեկելի մասը։

Սկիզբ | Նախագծի մասին | Լուրեր | Երթևեկության կանոններ | Ֆորում | Օգտակար տեղեկություններ | Կոնտակտներ

Համացանցի մատչելիության և ուսուցման ծրագիրը ( ՀՄՈՒԾ ) ԱՄՆ Պետական դեպարտամենտի` Կրթության և մշակույթի հարցերով գործակալության ծրագիրն է և ֆինանսավորվում է Ազատության աջակցության ակտի շրջանակներում: ՀՄՈՒԾ-ը իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փախանակումների խորհրդի (Այռեքս) կողմից: